2018-ին Արման Սարոյանի դեմ պայքարողներն այսօր Վեհափառին դատում են՝ նրան կարգալույծ անելու համար. «Հրապարակ»
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։ Հիշեցնենք, որ նա երրորդ դատավորն է, որը հրաժարվում է քննել այս գործը:
Կաթողիկոսի գործը քննող առաջին դատավորը Հակոբ Մանուկյանն էր, որն օգոստոսի 7-ին ինքնաբացարկ հայտնեց։ Օգոստոսի 10-ին գործը մակագրվեց Սերժ Ռուշանյանին: Օգոստոսի 28-ին էլ դատավոր Սերժ Ռուշանյանը կաթողիկոսի եւ վեց եպիսկոպոսների գործն ուղարկեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ տարածքային ընդդատության հարցը որոշելու: Ընդդատությունն իրավական հասկացություն է, որը ցույց է տալիս, թե կոնկրետ որ դատարանն է իրավասու քննելու եւ լուծելու տվյալ գործը։ Դատավորն իր որոշումը հիմնավորել էր նրանով, որ Ամենայն հայոց կաթողիկոսին վերագրվող արարքի մեղադրականում հստակեցված չէ, թե որտեղ պետք է քննվի գործը:
Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ վեց հոգեւորականներին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով դատարանի օրինական որոշման կատարումը դիտավորյալ խոչընդոտելու համար: Խնդիրը ծագել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանին (Արման Սարոյան) պաշտոնից ազատելուց հետո, երբ 2026-ի հունվարին կաթողիկոսի որոշմամբ պաշտոնանկ արված եպիսկոպոսը դիմել էր դատարան: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր, որ մինչեւ գործի քննության ավարտը Սարոյանը պետք է շարունակի պաշտոնավարել, իսկ եկեղեցուն արգելվել էր խոչընդոտել նրա լիազորությունների իրականացմանն ու ֆինանսական հաշիվների տնօրինմանը: Չնայած դատարանի որոշմանն ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական ծանուցմանը՝ Գարեգին Բ-ն եւ Գերագույն հոգեւոր խորհուրդը որոշել են կարգալույծ անել Սարոյանին: Ըստ դատախազության՝ եկեղեցական ղեկավարությունն այս քայլով դիտավորյալ շրջանցել ու խախտել է դատարանի պահանջը, ինչի արդյունքում էլ հարուցվել է քրեական գործը:
Այս եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է Տեր Վրթանես քահանա Բաղալյանի հետ:
- Տեր հայր, երրորդ դատավորն է հրաժարվում դատել Վեհափառ հայրապետին: Սա ի՞նչ է նշանակում, ինչո՞ւ են դատավորները համատարած հրաժարվում այս գործը քննելուց:
- Դատավորները չունեն մեխանիզմ՝ Եկեղեցու ներքին կյանքին վերաբերող հարցերին միջամտելու, Վեհափառն ում, որտեղ կնշանակի եւ ում կարգալույծ կանի, այդ հարցերում իրավապահները, փաստացի, չունեն լծակ: Եկեղեցու ներքին հարցերը քրեաիրավական նորմերին չեն ենթարկվում: Ոչ մի դատավոր չի կարող Վեհափառին դատել եկեղեցական հարցերի համար: Սահմանադրությամբ Եկեղեցին անջատ է պետությունից, եւ ոչ մի դատավոր չի կարող եկեղեցականին ուղղություն ցույց տալ: Պետական որեւէ կառույց առհասարակ չունի իրավասություն՝ նման հարցերին միջամտելու: Վեհափառի դեմ կատարվողը հակասահմանադրական է: Այն դատավորը, որ կդատի Վեհափառին, կանտեսի Սահմանադրությունն ու օրենքները: Վեհափառը, Հոգեւոր խորհրդի անդամները որեւիցե հանցանք չեն գործել, որ հիմա էլ դատվեն: Արման Սարոյանի հայցն ուղղակի չպետք է որեւէ դատավոր վերցներ: Դատավորները ոչ թե պիտի ինքնաբացարկ հայտնեին՝ գործն այստեղից այնտեղ գցելով, այլ ուղղակի այդ գործը պիտի կարճեին: Այն դատավորը, ով կհամարձակվի այդ գործին ընթացք տալ, նա կխախտի բոլոր օրենքները: Նույն այս տրամաբանությամբ՝ կարո՞ղ է ինչ-որ մի դատավոր, օրինակ, միջամտել Եհովայի վկաների ներքին հարցերին: Կարո՞ղ է ինչ-որ մի դատավոր ասել, թե Եհովայի վկաներն ում, ինչ նշանակում կատարեն, կամ՝ մորմոնականներին եւ այլն: Իհարկե, չեն կարող, սակայն, ցավոք, նման ապօրինի դատավարություններով փորձում են վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցին, բայց նման քաղաքական պատվերներ կատարելով՝ դատարաններն իրենց պատվի հետ են ավելի շատ խաղում:
- Օրերս ականատես եղանք, թե ինչպես են Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները դիմավորում Արման Սարոյանին: Մարդիկ ամոթանք ու թուքումուր տվեցին` բառի բուն իմաստով, «ստոր», «դավաճան» անվանեցին եւ այլն:
- Իրականում, նա ամոթանքի էլ արժանի է: Ամոթ կլիներ, որ հավատացյալները նրան ամոթանք չտային իր այդ պահվածքի համար: Նա շատ վատ է վարվել իր թեմի քահանաների հետ, եւ հենց պատճառը դա է եղել, որ Վեհափառն իրեն ազատել է պաշտոնից ու եկեղեցականին ոչ հարիր վարքագծի համար կարգալույծ է հռչակել: Արման Սարոյանը չունի արդարացում, նրան մարդիկ չեն հարգում: Հասարակությունը դեմ է նմաններին, նա գործել է եւ գործում է ապօրինաբար: Դեռեւս 2018 թվականից նրա կարգալուծության հարցը դրված է եղել` «Նոր Հայաստան, նոր հայրապետ» հակաեկեղեցական շարժման շրջանակներում: Իշխանազավթումից հետո Փաշինյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք ստեղծել էին այդ շարժումը, եւ հենց այն ժամանակ Մայր Աթոռին քննադատում էին Սարոյանին կարգալույծ չանելու համար: Զարմանքով տեսնում ենք, որ 2018-ին Արման Սարոյանի դեմ արշավ սկսողներն այսօր ուզում են Վեհափառին դատել՝ Արման Սարոյանին կարգալույծ անելու համար:
- Տիրադավներից Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն ապրիլի 17-ին մի սարկավագի էր ծեծի ենթարկել: Ի՞նչ ընթացք ստացավ այդ միջադեպը, մեղավորը պատժվե՞ց:
- Մեր երկրում իշխանականները չեն պատժվում: Եթե ընդդիմադիր մեկը լիներ Անուշավանի փոխարեն, ապա այսօր մեծ քրեական գործ կբացեին, կկալանավորեին նրան, բայց քանի որ նա հովանավորվում է իշխանությունների կողմից, ինչպես մյուս տիրադավները, նա էլ Փաշինյանի հատուկ պաշտպանության տակ է, հետեւաբար, նա օրենքի առաջ այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց: