ՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասին
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերումը կարող է խախտել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը և վտանգներ ստեղծել Հայաստանի անվտանգության համար։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը։
Նրա պնդմամբ՝ Հայաստանի անվտանգությունը շարունակում է մնալ «փխրուն վիճակում», այդ թվում՝ Թուրքիայի հետ չկարգավորված հարցերի պատճառով։ Կոլեսնիկը Հայաստանի ղեկավարությանը կոչ է արել հաշվի առնել նման քայլերի ռազմավարական ռիսկերը և պաշտպանության հարցերում խուսափել քաղաքական մանևրումներից։
Ռուս պատգամավորը նաև հիշեցրել է, որ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը կարգավորվում է երկարաժամկետ երկկողմ պայմանագրով։
Կոլեսնիկի հայտարարությանը նախորդել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ Երևանը չի առարկի ռազմաբազայի փակմանը, եթե նման որոշում ընդունի Մոսկվան։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել զորակազմը Գյումրիից, եթե Հայաստանի իշխանությունները դրա ներկայությունը համարեն ոչ նպատակահարմար։