Քաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի՝ չգործող գործարանի մոտ զենք-զինամթերք է թողել
ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները։ Հերթական դեպքը գրանցվել է Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։
Օգոստոսի 31-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վարդանանց փողոցի՝ չգործող գործարանի մոտ զենք-զինամթերք է թողել։
Քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 2 ինքնաձիգ, 2 հրացան, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 150 փամփուշտ և փամփշտատուփեր։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։