Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Քննչական կոմիտեում քննարկվում է Երեւան քաղաքի վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի ազատման հարցը։ Բանն այն է, որ երկու ուժային կառույցները՝ ՆԳՆ ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն, բախվել են իրար, և առայժմ հաղթում է քննչականը: ArmLur.am-ը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում ակտիվ քննություն է ընթանում Քննչական կոմիտեում ոստիկանին խոշտանգելու դեպքով:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել եւ հարցաքննվել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը: Հիշեցնենք՝ օգոստոսի 22-ին հայտնել էինք, որ ՆԳՆ ոստիկանության Եղվարդի բաժնի օպերլիազոր Սարգիս Աղասի Բագրատունյանը ծեծի էր ենթարկվել, ու տևական ժամանակ շտապօգնության աշխատակիցներին թույլ չէին տվել մտնել քննչական վարչություն, դեպքի վերաբերյալ ահազանգ էր ստացել նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Ըստ ոստիկանի հարազատների՝ ծեծի անմիջական մասնակից է եղել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, եւ հենց նրա մասնակցությամբ են քննիչները ծեծի ենթարկել ոստիկանության աշխատակցին: Ոստիկանության աշխատակից օպերլիազոր Սարգիս Աղասի Բագրատունյանը այս պահին կալանավորված է:
Իսկ ինչն էր եղել միջադեպի պատճառը: Բանն այն է, որ Մալաթիայի քննչականի մոտ կա ավտետեխսպասարկման կետ: Կոմիտեի քննիչները մեքենան կայանել են տեխսպասարկման կետի դիմաց, եւ սեփականատերը խնդրել է մեքենաները դուրս հանել, որը վերածվել է թեժ խոսակցության: Արդյունքում, ՆԳՆ ոստիկանության Եղվարդի բաժնի օպերլիազոր Սարգիս Բագրատունյանը, տեղեկանալով, որ իր հարազատը, որը ավտետեխսպասարկման կետի սեփականատերն է եւ տհաճ խոսակցության մեջ է հայտնվել, փորձել է խնդիրը կարգավորել, սակայն չէր ստացվել, առավել թեժացել էր վիճակը ու սկսվել էր ծեծկռտուք:
Ըստ ոստիկանի հարազատների՝ այս դեպքից հետո ՆԳՆ ոստիկանության Եղվարդի բաժնի օպերլիազոր Սարգիս Աղասի Բագրատունյանին կանչում են քննչական, որտեղ ներկա է լինում ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը ու ծեծի ենթարկում եւ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցում: Դեպքին անդրադարձել էր Քննչական կոմիտեն՝ հայտնելով, թե իբր քննիչները՝ վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին, չի համապատասխանում իրականությանը։ Ու մինչ քննչականը հերքում էր, գործի անցավ Հակակոռուպցիոն կոմիտեն. Եղվարդի բաժնի օպերլիազոր Սարգիս Բագրատունյանին ՔԿ ԵՔՎ վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդման հիման վրա քրեական վարույթ նախաձեռնեց:
Պաշտոնապես հայտնեցին, որ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ստացվում է՝ ոստիկանության ծառայողին ծեծի են ենթարկել Քննչական կոմիտեի աշխատակիցները, սակայն արդյունքում հենց ոստիկանն է հայտնվել անազատության մեջ: Միջադեպի մյուս կողմի քննիչները շարունակում են ազատության մեջ մնալ։ Ըստ փաստաբան Վահե Մարտիրոսյանի՝ իր պաշտպանյալը՝ ոստիկանության ծառայող Սարգիս Բագրատունյանը, քննիչների կողմից ծեծի է ենթարկվել աշխատասենյակում։ Փաստաբանը պնդում է, որ նրա հագուստը պատռվել է, մարմնի վրա առկա են եղել վնասվածքներ, իսկ շտապօգնությունը կանչել է հենց ինքը։
Մինչդեռ Քննչական կոմիտեն ներկայացնում է հակառակ վարկածը՝ պնդելով, որ ոստիկանը և նրա ավելի քան 20 հարազատներ բռնություն են գործադրել քննիչների նկատմամբ և խուլիգանական գործողություններ կատարել։ Իսկ ինչու մինչ օրս Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը չի պատժվել իր արարքի համար. թերևս այն պատճառով, որ եղբայրը՝ Ասատուր Վարդանյանը, ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարարն է՝ Ասատուր Վարդանյանը: Նրան, ի դեպ, Փաշինյանը դեռ չի վերանշանակել. չի բացառվում՝ Ասատուր Վարդանյանն էլ այս և այլ հանգամանքների ֆոնին հեռացվի պաշտոնից»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: