Ճամբարակում բախվել են «Nissan Note»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ
Օգոստոսի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքից Վահան գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արտաշեն Ա․-ի վարած «Nissan Note» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Յուրիկ Պ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, գումարտակի ծառայության տեսուչ Տիգրան Պապիկյանի և վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահե Քոչարյանը և Մանվել Ղազարյանը։
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։