«Կգնանք թեկուզ վաղը»․ Պուտինի ազդանշանը Փաշինյանին․ ի՞նչ կկորցնի Հայաստանը
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում նոր լարվածության ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կտրուկ հայտարարություն է արել․ եթե Հայաստանը համարում է, որ Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարիքն այլևս չունի, Ռուսաստանը կարող է հեռանալ «թեկուզ վաղը»։
Միաժամանակ Պուտինը նշել է, որ Մոսկվան չի պատրաստվում իր ռազմական ներկայությունը պարտադրել Երևանին, իսկ եթե Հայաստանի ժողովուրդը ցանկանում է ռուսական ռազմաբազայի պահպանումը, Ռուսաստանը պատրաստ է մնալ և համագործակցել։
Թեև բառացիորեն սա վերջնագիր չէ, քաղաքական ուղերձը բավական հստակ է․ Մոսկվան Գյումրիի ռազմաբազայի հարցը դիտարկում է ոչ թե մեկ առանձին ռազմական օբյեկտի, այլ Հայաստանի անվտանգության և հայ-ռուսական հարաբերությունների ապագայի համատեքստում։
Պուտինի հայտարարության մեջ ուշագրավ է նաև այն, որ Գյումրիի ռազմաբազայի թեման հնչում է Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների, ԵԱՏՄ-ի և հայ-ռուսական կապերի ապագայի վերաբերյալ քննարկումների կողքին։
Այսինքն՝ հարցն ավելի մեծ է, քան պարզապես՝ «ռուսական բազան կմնա՞ Գյումրիում, թե՞ ոչ»։
Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքում Ռուսաստանի ռազմական ներկայության գլխավոր հենակետն է։
Դրա հեռացումը կնշանակի ոչ միայն ռուս զինծառայողների դուրսբերում Գյումրիից։ Դա կարող է նշանակել Հայաստանի անվտանգության գործող ճարտարապետության էական փոփոխություն։
Տարիներ շարունակ ռուսական ռազմական ներկայությունը եղել է Հայաստանի պաշտպանական համակարգի կարևոր բաղադրիչներից մեկը՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարևանությունը։
Ուստի ռազմաբազայի հեռացման դեպքում հիմնական հարցը ոչ թե այն է, թե Ռուսաստանը դուրս կգա՞, այլ՝ ո՞վ և ինչպե՞ս է լրացնելու ստեղծվող անվտանգային բացը։
Եթե այդ հարցի հստակ պատասխանը չկա, Հայաստանի համար ռիսկերը կարող են զգալիորեն աճել։
Ռուսական ռազմական ներկայության կորուստը կարող է փոխել նաև Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը։ Իսկ եթե Հայաստանը չկարողանա արագ ձևավորել համարժեք այլընտրանքային անվտանգության մեխանիզմներ, Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ նրա խոցելիությունը կարող է մեծանալ։
Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջ կանգնած խնդիրը պարզապես «պահե՞լ, թե՞ հանել ռազմաբազան» ընտրությունը չէ։
Իրական հարցն ավելի կոշտ է․ Եթե Ռուսաստանը հեռանում է Գյումրիից, ո՞վ է գալիս նրա փոխարեն։
Եվ ամենակարևորը՝ արդյոք այդ փոխարինումը կլինի՞ իրական անվտանգության երաշխիք, թե՞ միայն քաղաքական հայտարարությունների մակարդակում։
Պուտինի՝ «կգնանք թեկուզ վաղը» ձևակերպումը պետք է դիտարկել որպես Մոսկվայի կողմից արված լուրջ քաղաքական ազդանշան։ Ռուսաստանը փաստացի ցույց է տալիս, որ պատրաստ է իր ռազմական ներկայության հարցը դնել Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության և անվտանգության ապագա համակարգի համատեքստում։
Գյումրիից ռուսական ռազմաբազայի հեռացումը կարող է վերածվել ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների, այլև Հայաստանի անվտանգության ամենալուրջ մարտահրավերներից մեկի։
Արմինե Մկրտումյան