Հայաստանի իշխանությունները ԴԱՀԿ պետին «մատաղ» արեցին
Դատական ակտերի հարկադիր կատարման պետ Միհրան Պողոսյանը, ով 2008 թվականից զբաղեցնում է գլխավոր դատական հարկադիր կատարողի պաշտոնը, հարկադրաբար հրաժարական տվեց:
Համենայն դեպս Օֆշորային սկանդալում հայտնված 40-ամյա պաշտոնյայի հրաժարականը այդպես են որակում փորձագետները, չնայած նրան, որ ԴԱՀԿ պետը իր հրաժարականին փորձել է քաղաքական ձևակերպում տալ:
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը newspress.am-ի հետ զրույցում նկատեց, որ Հայաստանի իշխանությունները հայտնվել են խայտառակ սկանդալի մեջ:
«Պանամայի, այսպես ասած, փաթեթ կոչվածը կարող էր Հայաստանի իշխանություններին պատասխանատվության ենթարկել: Մեր բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությունը օֆշորային գոտիներին ու նրանց անունները այդ գործում շրջանառվելը ակնհայտորեն շատ վտանգավոր հետևանքեր կարող էր ունենալ հենց պաշտոնյա ղեկավարության համար: Շատ լուրջ խնդրիների առաջ կարող էր կանգնեցնել հենց Հայաստանի իշխանություններին, որի պատճառով էլ նրանք գերադասեցին պարտադրել ԴԱՀԿ պետին ազատել իր զբաղեցրած պաշտոնը»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա, աչքի առաջ ունենալով Հայաստանում եղած նախադեպերը, Սաֆարյանը համոզված է, որ Միհրան Պողոսյանը, ցավոք սրտի, պատասխանատվության չի ենթարկվի: Իսկ պատախանատվությունը՝ ըստ քաղաքական վերլուծաբանի, պետք է լինի այն, որ այդ թալանված գումարները հետ վերադառնան պետական գանձարան և ուղղվեն հայոց բանակի սպառազինությանը: