Հրազդանում գրանցված արդյունքների համար ոչ ոքի չենք մեղադրում. Նիկոլ Փաշինյան
«Հրազդանում երեկ չեն եղել լցոնումներ, կրկնակի քվեարկություններ: Ընտրությունների վերահսկման այն մեխանիզմը, որ մենք ներդրել էինք, բացառում էր սկզբունքորեն նման բանը: Մենք ի գիտություն ենք ընդունում ընտրությունների արդյունքները, խնդիրը հետեւյալն է, որ մենք շատ կարեւոր ենք համարում քաղաքական փոփոխություններ բերելն ու փոփոխությունների հասնելը, սակայն ակնհայտ է, որ որեւէ հանրությունում հնարավոր չէ փոփոխության հասնել՝ առանց հանրության մեծամասնության ցանկության: Այսօր մենք արձանագրում ենք, որ հրազդանցիների 50+1 տոկոսը փոփոխություններ բերելու պատվեր մեզ չի տվել, իհարկե, դա եղել է ընտրակաշառքի բաժանման եւ հարկադրանքի միջոցով»,- լրգրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ պատգամավորը համոզված է, որ եթե Արամ Դանիելյանն ընտրակաշառք չբաժաներ, հաջողության չէր հասնի:
Պատգամավորի խոսքով՝ Հրազդանում գրանցված արդյունքների համար իրենք ոչ ոքի չեն մեղադրում, հակառակը ներողություն են խնդրում այն քաղաքացիներից, որոնք գտնվում են սոցիալական նման ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանը: