Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Սարդարապատը» հաղթանակ տարավ «Սյունիքի» նկատմամբ
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 5-րդ տուրում «Սարդարապատը» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում վստահ հաղթանակ տարավ «Սյունիքի» նկատմամբ (3-1): Այս մասին տեղեկանում ենք ArmSport.am-ից։
Առաջին խաղակեսն աչքի ընկավ ոչ թե գոլերով, այլ կոպիտ պայքարով ու միանգամից երկու հեռացումով։ Նախ 38-րդ րոպեին կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտ ստացավ Արսեն Գալստյանը, ապա առաջին կեսի ավելացված ժամանակում (45+4′) Արմեն Հովհաննիսյանի նկատմամբ բաց ոտքով խախտման համար խաղադաշտից հեռացվեց նաև Կրիստյան Լագոն։
Հիմնական իրադարձությունները ծավալվեցին երկրորդ խաղակեսում։ Տանտերերի կազմում 58-րդ րոպեին հաշիվը բացեց Սերգեյ Կոչկարյանը, իսկ րոպեներ անց՝ 61-րդ րոպեին, Լևոն Վարդանյանը կրկնապատկեց առավելությունը։ 73-րդ րոպեին Լևոն Պետրոսյանը հաշիվը դարձրեց խոշոր։ Հյուրերին հաջողվեց պատասխանել միայն խաղավերջում. 86-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Միգել Սիլվան՝ ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը։
Այս հաղթանակից հետո «Սարդարապատը» 4 խաղից հետո վաստակեց 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ «Սյունիքը» 5 խաղից հետո ունի ընդամենը 1 միավոր և նախավերջին՝ 11-րդ տեղում է։