Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնը նոր տնօրեն ունի
Սևակ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Սիրելի՛ ընկերներ,
Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանի հրամանով նշանակվել եմ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Աշխատանքի ծավալը հսկայական է, հատկապես թատրոնի նոր շենքի կառուցմանը զուգահեռ։
Բայց ամենից առաջ, որպես Վանաձորի բնակիչ և քաղաքի մշակութային կյանքում ակտիվ դերակատարում ունեցող մարդ, ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ՀՀ կառավարությանը՝ մեր քաղաքի մշակութային դիմագիծն ու զարկերակը համարվող, հարուստ ավանդույթներ ու պատմություն կերտած թատրոնի նոր շենքի կառուցման համար։
Սա, թերևս, անկախությունից ի վեր մեր մարզում մշակութային նման նախագիծ իրականացնելու նպատակով կատարվող ամենամեծ ներդրումն է։
Որպես թատրոնի ղեկավար՝ վստահեցնում եմ, որ ամեն ջանք ներդնելու եմ, որպեսզի մեր թատրոնը, պահպանելով իր լավագույն ավանդույթները, նոր հաջողություններ գրանցի։ Իսկ շենքի կառուցումից հետո Վանաձորը կունենա հանրապետության լավագույն թատրոններից մեկը, և մենք շարունակելու ենք հպարտանալ մեր թատրոնի նորանոր հաջողություններով։
Ակնկալում եմ բոլորիդ աջակցությունն ու մասնակցությունը, քանի որ սա ոչ միայն մեր թատրոնի, այլև քաղաքի մշակութային կյանքում պատմական իրադարձություն է։
Ի գործ…