Մոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են Մարոկկո
Իսպանիայի ՆԳ նախարարության տվյալներով՝ վերջին օրերին Մարոկկոյի տարածքից Իսպանիայի Սեուտա քաղաք-անկլավ ներթափանցած մոտ 25 հազար անօրինական միգրանտներ կամավոր վերադարձել են Մարոկկոյի տարածք, հայտնում է El País-ը։
Սեուտայում ներկայում փակ են բոլոր խանութները, այդ թվում՝ սուպերմարկետները։ Քաղաքում մնացած անօրինական միգրանտները փողոցներում փնտրում են ջուր, սնունդ և զով տարածքներ։ Իսպանական որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ առանձին շրջաններում տեղի բնակիչները սպառնացել են միգրանտներին զենքով և քարեր նետել նրանց ուղղությամբ։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ աշխատում է Սեուտա ներթափանցած անօրինական միգրանտներին հնարավորինս արագ Մարոկկո վերադարձնելու ուղղությամբ։
Իսպանիայի ՆԳ նախարարության տվյալներով՝ վերջին օրերին քաղաք է ներթափանցել շուրջ 50 հազար մարդ, իսկ Սեուտայի իշխանությունները միգրանտների թիվը գնահատում են մոտ 60 հազար։
Սեուտան Իսպանիայի ինքնավար քաղաք է, որը գտնվում է Աֆրիկայի հյուսիսային ափին և սահմանակից է Մարոկկոյին։