Քաղցրաշենցիները կառավարության մոտ դարձյալ իրենց գումարներն են պահանջում
Այսօր Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց: Բողոքի պատճառը արդեն բազմիցս չարչրկված խաղողի մթերման խնդիրն է:
Հիշեցնենք, որ անցած տարի Քաղցրաշենի և հարակից համայնքների խաղողը մթերել է «Վինար» գործարանը, որի սեփականատերերն են Ավետ Գալստյանը և ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը։
Խաղողագործները մինչ օրս չեն ստացել մթերման գումարները, թեև քանիցս և փակել են Երևան-Արտաշատ մայրուղին, և բողոքի ակիցաներով իրենց դժգոհությունը, և փողերն են պահանջել կառավարության շենքի առջև։ Ընկերությունը նրանց պարտք է 185 միլիոն դրամ:
Ավետ Գալստյանը օրերս խոստացել էր ապրիլի 15-ից 20-ը ամբողջությամբ մարել գյուղացիների պարտքը։
Հավելենք, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանը շաբաթներ առաջ իր մոտ էր հրավիրել խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին ու հորդորել մինչև ապրիլի 1-ը ամբողջ պարտքը մարել, սակայն, ինչպես երևում է Ավետ Գալստյանը և Կարո Կարապետյանը գյուղնախարարին ականջալուր չեն լինում: