Հաղորդում եմ տալիս. Փաշինյանը իրավապահներին ուղղորդեց Լիպարիտ Դրմեյանի դեմ
«Հիշում եք, թե այստեղ ինչ խոսակցություն էր, գնում, թե ՀԷՑ-ի նախկին սեփականատերը Արբիտրաժում հաղթել է։ Պարզվեց, որ այս շենքում իրենք մարդ ունեին, երբ այդ մարդուն այստեղից դուրս հրավիրեցինք... Բա ասում եք «կոռուպցի», դա կոռուպցիա չի՞, որևէ մեկը հետաքննե՞լ է այդ մարդու գործունեությունը, նա գրություն էր գրել, այստեղ պարտականություն կատարողը, ինչի հիման վրա աղմուկ էր բարձրացել։ Մեկ ամսից էլ գնաց ու հայտնվեց «եռագլուխ կուսակցության» պոչում»,-կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով Լիպարիտ Դրմեյանին, ով անդամակցել է «Միասնության թևեր» կուսակցությունը։
Նա ասաց, որ իրավապահ մարմիններին է դիմում. «Քննե՞լ են` սա կոռուպցիա է, թե ոչ։ Հրապարակային հնարավոր հանցագործության մասին հաղորդում եմ տալիս։
Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց ես կարծում եմ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն»,-ասաց Փաշինյանը։
Նա իրավապահներին ուղղորդեց, որ այդ անձի հաշիվները, ունեցվածքը ստուգեն։
Փաշինյանը կասկած հայտնեց, թե գուցե տվյալ անձը լրատվական ու քաղաքական դաշտին ինֆորմացիա է տվել, կառավարության դիրքորոշմանը, վարչապետի հանձնարարականին հակասող գրություններ գրել, այն մասին թե կառավարությունը պարտվել է արբիտրաժում։