Ռուսական Kh-101 թևավոր հրթիռը մտել է Լեհաստանի տարածք
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ հուլիսի 30-ի գիշերը Ուկրաինայի զանգվածային հրետակոծության ժամանակ ռուսական Kh-101 թևավոր հրթիռը մտել է Լեհաստանի տարածք՝ խախտելով ՆԱՏՕ-ի օդային տարածքը: Նա այս մասին գրել է X սոցիալական մեդիա հարթակում։
«Սա ևս մեկ հստակ ապացույց է այն բանի, որ Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումն այժմ անհետաձգելի անհրաժեշտություն է և ծառայում է որպես ամբողջ եվրաատլանտյան համայնքի պաշտպանության երաշխիք», - գրել է ուկրաինացի նախարարը։
Սիբիհան նշել է, որ Ուկրաինայի օդային պաշտպանությունն ամրապնդելու որոշումը պետք է կայացվի անհապաղ: «Լեհաստանի վրա ռուսական հրթիռային ներխուժումը նաև հիշեցում է, որ մեր երկու երկրների համար ոչինչ ավելի անհետաձգելի չէ, քան մեր ընդհանուր, հավերժական թշնամու դեմ պայքարը, որը անմիջական սպառնալիք է ներկայացնում մեր երկու երկրների համար: Այս դաժան պատերազմի ընթացքում մնացած բոլոր տարաձայնությունները պետք է մի կողմ դրվեն», - ասել է Սիբիհան։