Սեւ ծովում հարձակում է եղել նավթատար տանկերների վրա
Երկու նավթատար նավերի վրա գիշերը հարձակում է տեղի ունեցել Սև ծովում՝ Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի տերմինալի մոտ, հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունը։
Ծովային տերմինալում նավթի բեռնումը ժամանակավորապես դադարեցվել է։ Այնուամենայնիվ, խողովակաշարային կառույցները շարունակում են բնականոն աշխատել։ Կոնսորցիումի աշխատակիցների կամ կապալառուների շրջանում վիրավորներ կամ զոհեր չկան։
Առաջին հարձակումը տեղի է ունեցել NIFFOS SIFNOS տանկերի վրա, որը միջադեպի պահին նավթ էր բեռնում։ Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը հետագայում մարվել է։
Երկրորդ հարձակումը տեղի է ունեցել MARATHI տանկերի վրա, որը գտնվում էր տերմինալից մոտավորապես վեց ծովային մղոն հեռավորության վրա։ Նավը գնում էր տերմինալ՝ նավթ ստանալու։
Ընկերությունը նշել է, որ տերմինալի մոտ տանկերների վրա նախորդ հարձակումից հետո նավթի հոսքը խողովակաշարով վերսկսվել է հուլիսի 27-ին։