Անոմալ շոգեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
Հայ հիդրոմետի դիտարկումները թույլ են տալիս համեմատել տարբեր տարիների հուլիսյան շոգերը։ Ըստ օդերևութաբան Գագիկ Սուրենյանի՝ հենց այս օրը՝ հուլիսի 29-ը, մտել է պատմության մեջ որպես բացառիկ տաք օր։
«2017 թվականի հուլիսի 29-ին Արարատյան դաշտում, ավելի կոնկրետ Արարատի հատվածում, օդի ջերմաստիճանը հասել է մինչև 42.6 աստիճանի, որը համարվում է օդերևութաբանական պատմության մեջ դիտված ամենաբարձր ջերմաստիճանը»,- նշում է Սուրենյանը։
Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի դեռևս 40 աստիճանի շեմը չի հաղթահարվել։
Թեև Արարատյան դաշտը շարունակելու է մնալ հանրապետության ամենատաք գոտին, սակայն անոմալ շոգեր չեն սպասվում։ Գագիկ Սուրենյանը վստահեցնում է, որ առաջիկա հինգ օրերին ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը, բայց 40 աստիճան տաքություն չի կանխատեսվում:
Օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում և մայրաքաղաքում ցերեկային ժամերին հիմնականում կտատանվի 35-ից +36 աստիճանի սահմաններում։