Անչափահասի հնարավոր սեռական շահագործման գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ
Անչափահասի հնարավոր սեռական շահագործման վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին NEWSPRESS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Նրա փոխանցմամբ՝ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվող անձի թրաֆիքինգը կամ շահագործումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և մերձավոր ազգականի կողմից), 198-րդ հոդվածի 4-րդ մասով (12 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) և 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը)։
Նկատենք, որ գործը նախաձեռնվել է այն բանից հետո, երբ NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանը հրապարակել էր տեսանյութ, որի վերաբերյալ խմբագրությունը հայտնել էր, որ տեսանյութում երևացող կինը, ըստ աղբյուրի, որդեգրել է նույն տեսանյութում պատկերված երեխային։ Կայքի տեղեկություններով՝ կինը ենթադրաբար երեխային ներգրավել է սեռական բնույթի բովանդակություն պարունակող տեսանյութերի ստեղծման մեջ՝ դրանք տարածելու և եկամուտ ստանալու նպատակով։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է Արաքսյա Մուրադյանին, որը բնակվում է Նորագյուղում։ Իրավապահ մարմինները, սակայն, պաշտոնապես չեն հրապարակել այն անձի ինքնությունը, որի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումը։
Ավելի վաղ ՀՀ ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ նախարարությունն ուսումնասիրել է հրապարակումը և համապատասխան հաղորդումն ուղարկել ՀՀ Քննչական կոմիտե՝ ներկայացված հանգամանքներին իրավական գնահատական տալու նպատակով։ Դրանից հետո Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։
Միաժամանակ հանրային տիրույթում շրջանառվում են տեղեկություններ, թե երեխան հնարավոր տուժողներից միակը չէ։ Այս տեղեկությունները, սակայն, մինչ այժմ պաշտոնապես չեն հաստատվել։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդման հարուցումը դեռևս չի նշանակում նրա մեղավորության հաստատում։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Արմինե Մկրտումյան