Վրաստանը պատրաստվում է C և B հեպատիտի ծրագրերի միջազգային վավերացմանը
Առողջապահության նախարարության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել B և C հեպատիտների վերացման ուղղությամբ։
Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեի գլխավորությամբ տեղի է ունեցել Վիրուսային հեպատիտի վերացման վավերացման ազգային խորհրդի առաջին նիստը, որտեղ քննարկվել է Վիրուսային հեպատիտի վերացման վավերացման ազգային զեկույցը։
«Քրոնիկ C հեպատիտով հիվանդների 87.3%-ը ախտորոշվել է, իսկ ախտորոշված հիվանդների 87.1%-ը սկսել է բուժումը, ինչը գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նպատակային ցուցանիշները։ Բացի դրանից, C հեպատիտի բուժման մակարդակը հասնում է 99%-ի։ B հեպատիտի ոլորտում Վրաստանն արդեն իսկ հասել է ԱՀԿ տարածաշրջանային նպատակներին՝ երեխաների մոտ հիվանդության տարածվածությունը կազմում է 0.03%, նորածինների ծննդյան պատվաստման ծածկույթը հասել է 96%-ի, իսկ եռակի պատվաստման ծածկույթը՝ 90%-ի», — նշված է Առողջապահության նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության` Վրաստանը վիրուսային հեպատիտի վերացման միջազգային վավերացման գործընթացում անցել է նոր փուլ։ Սա նշանակում է, որ Վրաստանն այս տարի նախատեսում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից միջազգային վավերացում ստանալ երկու ոլորտում։ Դրանք են՝ C հեպատիտի վերացման ուղղությամբ գրանցված առաջընթացի և B հեպատիտի մորից երեխային փոխանցման վերացման վավերացումները։
Aliq.ge