ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ
ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչների հետ։
Այցի շրջանակում ամփոփվել են ԱՄՀ տեխնիկական աջակցությամբ մշակված միջնաժամկետ կանխատեսումների կիսակառուցվածքային մոդելի ուղղությամբ նախորդող երեք տարիների ընթացքում իրականացված աշխատանքները:
Միաժամանակ, ԱՄՀ տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ քննարկվել է ՀՀ ՖՆ կանխատեսումների և քաղաքականության վերլուծության համակարգը (FPAS)` ընդգծելով մշակված մոդելի դերն ընդհանուր համակարգում։
ԱՄՀ գործընկերները բարձր են գնահատել նախարարության կանխատեսումների և վերլուծության համակարգը՝ այն դիտարկելով որպես առաջադեմ փորձ և այլ երկրների համար ներկայացման արժանի օրինակ։ Այցի ավարտին հստակեցվել են հետագա աշխատանքների ուղղությունները, և պայմանավորվածություններ են ձեռք բերվել մշակված մոդելի ինստիտուցիոնալացման և հանրայնացման շուրջ։