Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերըԱԺ խորհուրդը հաստատել է առաջիկա նիստերի օրակարգն ու հանձնաժողովների աշխատակարգըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՔննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներըՈրսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբՍեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ ԱվանեսյանԿլինեն հոսանքազրկումներՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԼիբանանն ու Իսրայելը սեպտեմբերի 15-16-ը բանակցություններ կանցկացնեն ՀռոմումՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ, նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ ԶաքարյանԱուտիզմի ախտորոշումները կտրուկ աճել ենՀանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը մրցանակի է արժանացելՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիաբազաԹալինի քարավանատանը հայտնաբերված ուշագրավ գտածոները փաստում են տարածքի բուռն անցյալի մասինCOP17-ին 74 երկրի պատվիրակների այցը ֆինանսավորելու համար Հայաստանի բյուջեից 93.5 մլն դրամ կհատկացվիՀանրային սննդի և զվարճանքների կազմակերպման ոլորտում բացահայտվել է շուրջ 553 մլն դրամի թերհայտարարագրված շրջանառություն
Քաղաքականություն

Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա Այվազյան

ՀՀ նախկին արտգործնախարար, Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազյանը գրել է. «Պետությունների պատմության մեջ գոյություն ունեն ժամանակաշրջաններ, երբ մարտահրավերները չեն առաջանում մեկուսացված կերպով, այլ ձևավորում են միասնական ճգնաժամային միջավայր։ Նման պահերին բավարար չէ արձագանքել առանձին սպառնալիքների, այլ անհրաժեշտ է վերաիմաստավորել երկրի տեղը փոփոխվող աշխարհում, սահմանել ազգային շահերը և մշակել երկարաժամկետ զարգացման ռազմավարություն։

Հայաստանն այսօր գտնվում է հենց նման իրավիճակում։

Ներքաղաքական բևեռացումը, տարածաշրջանային ուժերի հավասարակշռության փոփոխությունը և միջազգային կարգի խորքային վերափոխումը այլևս առանձին գործընթացներ չեն։ Դրանք փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց և որոշում են պետության կայունությունն ու սուբյեկտայնությունը պահպանելու կարողությունը։

Այսօր Հայաստանի առջև կանգնած են երեք փոխկապակցված ռազմավարական ճգնաժամեր՝ ներքին կայունության ճգնաժամը, տարածաշրջանային անվտանգության ճգնաժամը և համաշխարհային կարգի ճգնաժամը։

Ներքին կայունության ճգնաժամ

Հայաստանում ներքին ճգնաժամը դեռևս չի վերածվել բացահայտ քաղաքացիական հակամարտության, սակայն քաղաքական բևեռացման մակարդակը լուրջ ռիսկեր է ստեղծում պետության կայունության համար։

Ժողովրդավարական հասարակությունն ենթադրում է տարբեր տեսակետների մրցակցություն։ Խնդիրը ծագում է այն ժամանակ, երբ վերանում է նվազագույն համաձայնությունը այն հարցերի շուրջ, որոնք դուրս են ընթացիկ քաղաքական պայքարի սահմաններից՝ անվտանգության, արտաքին քաղաքական առաջնահերթությունների, ինստիտուտների զարգացման և պետության ապագայի հարցերի վերաբերյալ։

Ներկա փուլի առանձնահատկությունը միայն քաղաքական հակադրությունը չէ։ Վերջին տարիների ընթացքում տարածաշրջանային իրականության հիմնարար փոփոխությունից հետո մեր հասարակությունում բացակայում է երկրի երկարաժամկետ ռազմավարության վերաբերյալ միասնական պատկերացումը։

Եթե քաղաքական մրցակցությունը վերածվում է հակառակորդին ոչնչացնելու պայքարի, պետությունն աստիճանաբար կորցնում է ռազմավարական նշանակության որոշումներ ընդունելու կարողությունը։ Սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման, պետական ինստիտուտների նկատմամբ վստահության նվազման և հասարակական դժգոհության աճի պայմաններում ներքին ճգնաժամը կարող է խորանալ՝ ստեղծելով սպառնալիք հասարակական կայունության համար:

Այդ պատճառով ներքին համախմբումը պետք է դիտարկվի որպես ազգային անվտանգության առանցքային բաղադրիչ։ Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել նվազագույն ազգային համաձայնությունը հիմնարար հարցերի շուրջ՝ անկախության պահպանման, անվտանգության ապահովման, ինստիտուտների ամրապնդման և երկարաժամկետ զարգացման պայմանների ստեղծման ուղղությամբ։ Առանց ներքին կայունության հնարավոր չէ ձևավորել արդյունավետ արտաքին ռազմավարություն։

Տարածաշրջանային կարգի ճգնաժամ

Հարավային Կովկասն ապրում է ոչ թե հերթական քաղաքական փոփոխությունների փուլ, այլ տարածաշրջանային նոր կարգի ձևավորման անցումային շրջան։ Փոխվում է ոչ միայն ռազմական և քաղաքական ուժերի հարաբերակցությունը, այլև հենց տարածաշրջանային անվտանգության կազմակերպման սկզբունքները։ Եթե դեռևս վերջերս ուշադրության կենտրոնում էին առանձին հակամարտությունների կարգավորման հարցերը, ապա այսօր ձևավորվում է տարածաշրջանային հարաբերությունների նոր համակարգ, որը առաջիկա տասնամյակների ընթացքում որոշելու է Հարավային Կովկասի ճակատագիրը։

Ադրբեջանը ձգտում է ամրագրել վերջին տարիների արդյունքները, ձեռք բերված ռազմական առավելությունը վերածելով երկարաժամկետ քաղաքական ազդեցության և նոր տարածաշրջանային իրականության։ Այսպիսով, խոսքն արդեն ոչ այնքան մեկ հակամարտության ավարտի, որքան տարածաշրջանային նոր հիերարխիայի ձևավորման մասին է։

Թուրքիայի համար այս զարգացումները բացում են բացառիկ հնարավորություններ իրականացնելու Հարավային Կովկասում իր ազդեցության հաստատման՝ Մեծ Թուրանի դարավոր ռազմավարությունը։

Միևնույն ժամանակ տեղի ունեցող փոփոխությունները շոշափում են նաև տարածաշրջանի մյուս առանցքային դերակատարների շահերը։

Ռուսաստանի համար Հարավային Կովկասը շարունակում է մնալ անվտանգության ռազմավարական տարածքի մաս, որտեղ տարածաշրջանային հավասարակշռության փոփոխությունն անմիջականորեն ազդում է նրա դիրքերի վրա ավելի լայն եվրասիական համատեքստում։

Իրանի համար սկզբունքային նշանակություն ունի իր հյուսիսային սահմանների երկայնքով ռազմավարական կայունության պահպանումը և այնպիսի տարածաշրջանային դասավորության ձևավորման կանխումը, որը կարող է խախտել շահերի ձևավորված հավասարակշռությունը։

Այսպիսով, խոսքն այլևս միայն հայ-ադրբեջանական երկկողմ հակադրության մասին չէ, այլ նոր տարածաշրջանային համակարգի ձևավորման, որտեղ միահյուսվում են բոլոր հիմնական մասնակիցների շահերը։ Հենց այդ պատճառով ապագա կարգի կայունությունը չի կարող ապահովվել բացառապես մեկ կողմի առավելությամբ կամ ռազմաքաղաքական գերիշխանության տրամաբանությամբ։

Միջազգային հարաբերությունների պատմությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ կայունությունը ձեռք է բերվում այն ժամանակ, երբ ապահովվում է ոչ միայն ուժերի, այլև շահերի հավասարակշռությունը։ Հենց այս գործոնների համադրությունն է ստեղծում կայուն տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ձևավորման նախադրյալներ, որոնք կարող են կանխել նոր ճգնաժամերը, այլ ոչ թե պարզապես հետաձգել դրանց առաջացումը։ Հարավային Կովկասի ապագայի գլխավոր հարցն այն չէ միայն, թե որ պետությունը կունենա ավելի մեծ ազդեցություն, այլ այն, թե ինչ սկզբունքների վրա է կառուցվելու նոր տարածաշրջանային կարգը։ Արդյո՞ք այն հիմնված կլինի բացառապես գերիշխանության համար մրցակցության վրա, թե՞ ինստիտուցիոնալ մեխանիզմների, որոնք կապահովեն կանխատեսելիություն, փոխադարձ անվտանգություն և տարածաշրջանի բոլոր պետությունների օրինական շահերի հաշվառում։

Հայաստանի խնդիրը միայն սեփական ինքնիշխանության և ազգային շահերի պաշտպանությունը չէ։ Ոչ պակաս կարևոր է դառնալ ապագա տարածաշրջանային փոխգործակցության կանոնների ձևավորման ակտիվ մասնակից։ Նոր տարածաշրջանային կարգի ձևավորման պայմաններում այն պետությունը, որը չի մասնակցում այդ կանոնների մշակմանը, անխուսափելիորեն ստիպված է լինելու ապրել ուրիշների կողմից սահմանված կանոններով։ Հենց այդ պատճառով Հայաստանի մասնակցությունը ապագա անվտանգության ճարտարապետության ստեղծմանը այլևս ոչ թե դիվանագիտական ընտրություն է, այլ ռազմավարական անհրաժեշտություն։

Այդուհանդերձ այս գործընթացների տրամաբանությունը հնարավոր չէ հասկանալ՝ Հարավային Կովկասը դիտարկելով միայն որպես ինքնուրույն տարածաշրջան։ Այստեղ ձևավորվող կարգը հանդիսանում է միջազգային համակարգի ավելի լայնածավալ վերափոխման մի մասը, որի կենտրոնն ավելի ու ավելի հստակորեն տեղափոխվում է Եվրասիա։

Համաշխարհային ճգնաժամ. Հարավային Կովկասը եվրասիական մրցակցության կենտրոնում

Հենց այս ավելի լայն՝ եվրասիական համատեքստում պետք է դիտարկել Հարավային Կովկասում ընթացող գործընթացները։ Նոր համաշխարհային կարգի ձևավորումը տարածաշրջանը աստիճանաբար վերածում է խոշորագույն ուժային կենտրոնների մրցակցության առանցքային հանգույցներից մեկի։ Այս նոր իրադրությունում Հարավային Կովկասը դադարում է լինել համաշխարհային քաղաքականության ծայրամաս, այն դառնում է ձևավորվող աշխարհաքաղաքական դիմակայության գլխավոր էպիկենտրոններից մեկը։ Այսպիսով, Հարավային Կովկասում ընթացող գործընթացները դառնում են ավելի լայն համաշխարհային մրցակցության բաղկացուցիչ մասը, որտեղ խաչաձևվում են Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Պարսից Ծոցի երկրների և Իսրայելի շահերը։

Սակայն տարածաշրջանի վերածվելը խոշոր տերությունների մրցակցության հարթակի չի նշանակում, որ այստեղի պետություններն անխուսափելիորեն վերածվելու են պասիվ դիտորդների և օբյեկտների։ Փոքր պետությունների որպես միջազգային հարաբերությունների ինքնուրույն դերակատարներ պահպանվելու կարողությունը պայմանավորված է ոչ միայն արտաքին հանգամանքներով, այլև սեփական ռազմավարության որակով։

Արձագանքումից դեպի ռազմավարություն

Երեք ռազմավարական ճգնաժամերին տրվող պատասխանը չի կարող սահմանափակվել առանձին և մեկուսացված միջոցառումներով։ Ներքին կայունությունը, տարածաշրջանային անվտանգությունը և միջազգային սուբյեկտայնությունը միասնական պետական ռազմավարության փոխկապակցված տարրեր են։

Այդպիսի ռազմավարության հիմքում պետք է լինի ազգային համախմբումը։ Խոսքը ոչ թե տարաձայնությունների վերացման, այլ պետության գոյությունը պայմանավորող հիմնարար հարցերի շուրջ նվազագույն ազգային համաձայնության վերականգնման մասին է։ Ազգային հաշտեցումը պետք է դառնա ոչ թե տարբեր քաղաքական ուժերի միջև ձեռք բերված փոխզիջում, այլ հասարակության գիտակցված ընտրությունը՝ հանուն հայկական պետականության պահպանման և ամրապնդման։

Հենց այս հիմքի վրա է հնարավոր հստակ ձևակերպել ազգային շահը։ Ժամանակակից պայմաններում այն չի սահմանափակվում միայն պետական ինքնիշխանության ձևական պահպանմամբ։ Ազգային շահը ներառում է պետության կարողությունը ապահովելու քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանելու ազգային ինքնությունը, զարգացնելու մարդկային կապիտալը, պահպանելու ժողովրդագրական կայունությունը և քաղաքական սուբյեկտայնությունը:

Այս մոտեցման գործնական արտահայտությունը պետք է լինի ռազմավարական ինքնավարության ամրապնդումը՝ պետության կարողությունը ինքնուրույն սահմանելու իր ազգային շահերը և փոփոխվող միջազգային միջավայրում պահպանելու որոշումների ընդունման ազատությունը։ Ռազմավարական ինքնավարությունը չի նշանակում ինքնամեկուսացում։ Ընդհակառակը, այն ենթադրում է գործընկերային հարաբերությունների զարգացում՝ հիմնված սեփական ազգային առաջնահերթությունների վրա։

Այս տրամաբանության հաջորդ օղակը պետք է լինի ռազմավարական պլանավորման համակարգի ստեղծումը։ Պետությանը անհրաժեշտ են մշտապես գործող վերլուծության, կանխատեսման և երկարաժամկետ զարգացման սցենարների գնահատման մեխանիզմներ։

21-րդ դարում պետությունները մրցակցում են ոչ միայն ռազմական հզորությամբ կամ տնտեսական ռեսուրսների ծավալով։ Ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում պետական կառավարման որակը՝ պետական ինստիտուտների կարողությունը ձևակերպելու ռազմավարական նպատակներ, ապահովելու քաղաքականության շարունակականությունը և վայելելու հասարակության վստահությունը։ Հենց այս գործոնն է մեծապես որոշում պետության կայունությունը միջազգային տուրբուլենտության դարաշրջանում։ Միայն նման ներքին հիմքի վրա հենվելով Հայաստանը կկարողանա վարել արտաքին քաղաքականություն, որը հիմնված կլինի ոչ միայն սպառնալիքներին արձագանքելու, այլև նոր հնարավորություններ ձևավորելու վրա։

Միջազգային հարաբերությունների պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ համաշխարհային կարգի փոփոխության ժամանակաշրջանները եղել են ամենամեծ փորձությունների շրջանը միջին և փոքր պետությունների համար։ Սակայն հենց այդպիսի ժամանակներում պետական ինստիտուտների որակը, ռազմավարական մտածողությունը և հասարակության համախմբվելու կարողությունն են որոշել, թե արդյոք նրանք կպահպանեն իրենց սուբյեկտայնությունը, թե կվերածվեն ուրիշների որոշումների օբյեկտների։

Եզրակացություն

Պետությունների պատմությունը վկայում է, որ բարդ ժամանակաշրջանները ոչ միայն փորձության, այլև ապագայի ձևավորման պահեր են։ Հայաստանն այսօր գտնվում է հենց այդպիսի հանգրվանում։

Մեր երկրի առջև կանգնած է ոչ միայն կոնկրետ սպառնալիքների հաղթահարման խնդիրը։ Ոչ պակաս խորքային հարց է, թե արդյոք հայկական պետականությունը կկարողանա հարմարվել նոր միջազգային միջավայրին և պահպանել իր ինքնուրույնությունը գլոբալ անորոշության դարաշրջանում։

Պատմությունը հազվադեպ է պետություններին հնարավորություն տալիս ընտրելու այն դարաշրջանը, որում նրանք պետք է գոյատևեն։ Սակայն այն միշտ նրանց թողնում է մեկ ընտրություն՝ դառնալ ուրիշների որոշումների օբյեկտ, թե պահպանել սեփական ապագան ինքնուրույն կերտելու կարողությունը։ Հենց այս ընտրության առաջ է այսօր կանգնած Հայաստանը։

Այս ընտրության պատասխանը պայմանավորված կլինի ոչ այնքան արտաքին հանգամանքներով, որքան պետության ներքին կարողությամբ գործելու ռազմավարական մտածողությամբ և հետևողականությամբ։

Աշխարհագրությունը սահմանափակումներ է ստեղծում, սակայն չի կանխորոշում պետության ճակատագիրը։ Միջազգային միջավայրը ձևավորում է մարտահրավերներ, սակայն հենց հայկական պետականության որակը՝ հասարակությունը համախմբելու, ռազմավարական որոշումներ ընդունելու, ազգային շահերը պաշտպանելու և ռազմավարական ինքնավարությունը պահպանելու կարողությունը, կդառնա այն վճռորոշ գործոնը, որը կորոշի Հայաստանի տեղն ու դերը ձևավորվող համաշխարհային կարգում»: