«Իշխանության պարագան նույնիսկ «հասկանալի» է, բայց քաղհասարակությունը, որ 2018-ից առաջ որևէ զինվորի մազ ծռվելն էր դարձնում համահայկական աղմուկի պատճառ, լուռ է…». Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Բանակում հերթական զոհն ունենալու հանգամանքի հանդեպ իշխանության եւ այսպես կոչված քաղհասարակության անտարբերությունը լոկ քաղաքական կոնյուկտուրայի հարց չէ, այլ՝ բարոյականության։
Լավ, իշխանության պարագան նույնիսկ «հասկանալի» է, այնքանով, որքանով կարող է լինել այդպիսին։ Բայց այսպես կոչված քաղհասարակությունը, որ 2018-ից առաջ որեւէ զինվորի մազ ծռվելն էր դարձնում համահայկական աղմուկի պատճառ, այսօր իր գերակշռող մասով լուռ է։ Սրա իրավիճակային պատճառն իհարկե այն է, որ իր գերակշռող մասով այդ քաղհասարակություն կոչվածը դարձել է իշխանություն՝ ֆորմալ, կամ ոչ ֆորմալ։ Իսկ խորքային պատճառը այն է, որ Հայաստանում այլեւս դե ֆակտո չկան բարոյական նշաձողեր, որոնք կարող են կաշկանդել որեւէ այսպես ասած վերնախավային շերտի, որի ձեռքին կա ֆորմալ կամ ոչ ֆորմալ իշխանություն։
Բարոյական նշաձողերը, գծերը, ջնջված են ամբողջապես։ Հետեւաբար չկա որեւէ ամենախորը անկյունում թաքնված անհարմարության զգացում անգամ։ Եվ սա, ցավոք սրտի, հետեւողականորեն տարածվող իրողություն է՝ այն հանրային ամբողջական ինքնագիտակցության վերածելու նպատակային ձգտումով։ Դա է բարոյական նշաձողերից զերծ, դրանցից որեւէ մեկով չկաշկանդվող իշխանության խորքային եւ հարատեւ անվտանգության երաշխիքը։ Բոլորը կամ գերակշռող, ճնշող մեծամասնությունը պետք է դառնան քեզ պես, մտածեն՝ ինչպես դու, որպեսզի ձեւավորվի այդ ապահովության միջավայրը եւ փաստացի՝ ձեւավորվի նոր «բարոյականություն», որը չափվում է բացառապես նյութական արժեքներով»: