ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հուլիսի 21-ին մեկնարկել են Եվրոպական միության փորձագետների մասնակցությամբ Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխմանը և էլեկտրաէներգիայի պահեստավորման կարգավորման հարցերին նվիրված քննարկումները։
Հանձնաժողովից հայտնում են՝ միջոցառումն անցկացվում է «Մաքուր էներգիայի անցման և փոխկապակցման խթանումն Արևելյան գործընկերության երկրներում» նախաձեռնության ներքո իրականացվող «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի շրջանակում։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, կարևորել է Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի շարունակական բարեփոխումների գործընթացում Եվրոպական միության և այլ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։ Նրա խոսքով՝ նման ձևաչափերը նպաստում են ժամանակակից կարգավորող լուծումների մշակմանը, միջազգային լավագույն փորձի ներդրմանը և ոլորտի կայուն զարգացմանը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արմին Բյումը՝ անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև էներգետիկ ոլորտում գործընկերության կարևորությանը և ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին։
Միջոցառման նպատակն է նպաստել էներգետիկ ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև փոխգործակցության խորացմանը, ինչպես նաև աջակցել արդյունավետ, ժամանակակից ու եվրոպական լավագույն փորձին համահունչ կարգավորումների մշակմանն ու ներդրմանը։