Ադրբեջանի ճնշման ներքո Քնեսեթի օրակարգից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Իսրայելի կառավարության կողմից անցյալ ամիս հաստատված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Քնեսեթում քվեարկության չի դրվել՝ վարչապետ Նեթանյահուի վրա Ադրբեջանի ճնշման պատճառով, հայտնում է իսրայելական Haaretz-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ Haaretz-ի, Նեթանյահուն արգելափակել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից առաջարկված քվեարկությունը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը կապ է հաստատել վարչապետի գրասենյակի հետ, գրում է «Ազատություն»-ը։
Haaretz-ը տեղեկացել է, որ Իսրայելի կառավարությունն այնուհետև տեղեկացրել է Ադրբեջանի պաշտոնյաներին, որ հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից։
Արտգործնախարարությունը Haaretz-ի հարցմանն ի պատասխան հերքել է, որ քվեարկությունը չեղարկվել է Նեթանյահուի միջամտության արդյունքում, միաժամանակ այլ բացատրություն չի ներկայացրել։
Սաարը միայն հիշեցրել է, որ կառավարությունն այս հարցով որոշում է ընդունել՝ միաձայն, չհստակեցնելով՝ ինչու այն այդպես էլ Քնեսեթ չհասավ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։