Երևանում կբացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները՝ Միսաք Մանուշյանի անվան այգում
Հուլիսի 17-ին՝ ժամը 10:30-ին, Միսաք Մանուշյանի անվան այգում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի դափնեկիր, Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը։
Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և անմիջական համագործակցությամբ, որի շնորհիվ հնարավոր է դարձել ստեղծագործությունների տեղադրումն ու հանրային ցուցադրումը մայրաքաղաքի կենտրոնական կանաչ գոտիներից մեկում։ Երևանի քաղաքապետարանը կարևոր ներդրում է ունեցել ծրագրի կյանքի կոչման և քաղաքային մշակութային միջավայրի հարստացման գործում։
Քանդակները Երևան քաղաքին են նվիրաբերվել Հայաստանի նկարիչների միության նախաձեռնությամբ՝ որպես արվեստագետի սիրո, նվիրումի և երախտագիտության արտահայտություն մայրաքաղաքին։ Ստեղծագործությունները ձևավորում են բացօթյա ժամանակակից քանդակի յուրօրինակ միջավայր՝ նոր մշակութային շերտ ավելացնելով Միսաք Մանուշյանի անվան այգուն։
Աշոտ Հարությունյանը համարվում է մեր ժամանակների առաջատար կոնցեպտուալ քանդակագործներից մեկը՝ իր նորարարական մտածողությամբ և ինքնատիպ գեղարվեստական լեզվով։ Նրա աշխատանքները ներկայացված են Հայաստանի և արտերկրի բազմաթիվ քաղաքների հանրային տարածքներում և մասնավոր հավաքածուներում։
Հրավիրում ենք արվեստասեր հանրությանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին, ԶԼՄ-ներին և բոլոր հետաքրքրված քաղաքացիներին մասնակցելու բացման արարողությանը։