Իրաքում կոռուպցիայի գործով պաշտոնյաներից առգրավվել է ավելի քան 375 կգ ոսկի
Իրաքում կոռուպցիայի դեմ իրականացվող հետաքննության ընթացքում իշխանությունները պաշտոնյաներից առգրավել են ավելի քան 375 կիլոգրամ ոսկի և տասնյակ միլիոնավոր դոլար կանխիկ գումար։ Այս մասին գրում է CBS-ը:
Հետաքննությունը կապված է նավթի փոխնախարար Ադնան Ալ-Ջումայիլիի ձերբակալության հետ։ Նրան կասկածում են կոռուպցիայի մեջ։
Իրաքի իշխանությունները ընդհանուր առմամբ իրականացրել են երկու գործողություն․ առաջինի ընթացքում առգրավվել է 358 կգ ոսկի, իսկ երկրորդի ընթացքում՝ ևս 17 կգ։
Բացի այդ, կոյուղու հորանում հայտնաբերվել են իրաքյան դինարներ՝ 10,6 միլիոն դոլարի համարժեքով։ Առգրավված ոսկին վերադարձվել է երկրի Կենտրոնական բանկին։
Իրաքի կառավարության ներկայացուցիչ Հայդեր ալ-Աբուդին հայտնել է, որ առգրավված միջոցների ընդհանուր արժեքը գերազանցում է 96 միլիոն դոլարը։ Դրան գումարվում է ևս 24 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք, ավտոմեքենաներ և ոսկի, նշում է CBS News-ը։