ԱՄՆ-ն Իրանին նոր հարվածներ է հասցրել
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի տարածքում հարվածների հերթական շարքի ավարտի մասին։
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում և Իրանի ափին գտնվող տասնյակ ռազմական օբյեկտների։
Գործողությանը մասնակցել են կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր և ԱՄՆ ռազմածովային ուժերի նավեր, որոնք ճշգրիտ հարվածներ են հասցրել հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կայաններին, ռազմածովային օբյեկտներին և իրանական ափամերձ պաշտպանության համակարգերին։
Հրամանատարությունը հայտարարել է, որ յոթժամյա գործողությունը նպատակ ուներ Իրանի առևտրային նավագնացությանը և քաղաքացիական անձնակազմին սպառնալու կարողությունը հետագայում նվազեցնել։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ամերիկյան ուժերը մնում են մարտունակ և պատրաստ են կատարել գլխավոր հրամանատարի հետագա հրամանները։