Բելառուսն ու Ռուսաստանը ՄԱԿ-ում ներկայացրել են մարդու իրավունքների խախտումների մասին համատեղ զեկույց
Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել «Մարդու իրավունքների համընդհանրությունն ու անբաժանելիությունը բոլորի համար» խորագրով հատուկ միջոցառում, որը կազմակերպել են Բելառուսի և Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունները՝ քննարկելու մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ համատեղ բելառուսա-ռուսական զեկույցը։
Այս մասին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Զեկույցը մեծ հետաքրքրություն է առաջացրել մարդու իրավունքների հարցերով մասնագիտացած ժնևյան հարթակում։ Զեկույցի հեղինակների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, փորձագիտական համայնքի և հասարակական կազմակերպությունների միջև տեղի է ունեցել շահագրգիռ կարծիքների փոխանակում՝ ներկայացված նյութերի առավել արդյունավետ օգտագործման և մարդու իրավունքների ոլորտում բազմակողմ ու երկկողմ համագործակցության շրջանակներում փոխգործակցության բարելավման վերաբերյալ»,– հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ից։
Զեկույցը ներկայացրել են Բելառուսի ԱԳՆ բազմակողմ դիվանագիտության գլխավոր վարչության պետ Իրինա Վելիչկոն և Ռուսաստանի ԱԳՆ հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Լուկյանցևը։
Իրինա Վելիչկոն ընդգծել է, որ զեկույցը նպատակ ունի ապահովել մարդու իրավունքների հարցերի քննարկման համընդհանրությունն ու արդար հավասարակշռությունը աշխարհի բոլոր երկրներում։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը կարող է օգտակար լինել ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մարմինների, ինչպես նաև պետությունների և այլ շահագրգիռ կողմերի համար՝ մարդու իրավունքների շուրջ երկխոսության որակը բարձրացնելու նպատակով։