«Հրապարակ» օրաթերթը գրում է․
««Քաղպայմանագիր» կուսակցության վարչության հերթական նիստում՝ երեքշաբթի օրը, քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» Շիրակի մարզային կառույցի տնօրեն, ինչպես նաեւ ՔՊ-ի Գյումրու քաղաքապետի պարտված թեկնածու, ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի հարցը։ Պարզվում է՝ Սարիկն իր վերցրած «ծանրաձողը գցել է ոտքին» եւ չի ուզում շարունակել պաշտոնավարումը ո՛չ ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնում, ո՛չ էլ ավագանիում` որպես խմբակցության ղեկավար, այլ ուզում է պատգամավորական մանդատը վերցնել ու գնալ խորհրդարան։ Նա ՔՊ նախընտրական ցուցակի անցողիկ տեղում է:
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը գործարար Սամվել Կարապետյանից խլելուց հետո` մոտ մեկ տարի առաջ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Սարիկ Մինասյանին նշանակեց էլցանցերի Շիրակի մարզային կառույցի տնօրեն՝ այն հաշվարկով, որ կառույցը «քպականացնի» եւ ծառայեցնի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեներ բերելու գործին, սակայն ոչ միայն Գյումրու ընտրություններին Սարիկն ապաշնորհ գտնվեց եւ չհաղթեց Վարդան Ղուկասյանին, այլ նաեւ խորհրդարանական ընտրություններում Գյումրիից շռնդալից արդյունքներ չապահովեց ՔՊ-ի համար։ Սրան գումարած, կարծես ջրվում կամ առնվազն անորոշ ժամկետով հետաձգվում է Գյումրին զավթելու փաշինյանական ծրագիրը, որի մասին նա բացահայտ հայտարարեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Քանի որ Գյումրու ոչ ՔՊ-ական ավագանիները կարողացան միասնականություն դրսեւորել: Նրանք իշխանության պատժիչ մեքենայի եւ կալանավորումների դեմ «հակաթույն» գտան` յուրաքանչյուր թիրախավորված անձ հրաժարվում է մանդատից, որ ավագանիում ճգնաժամ չառաջանա, եւ մանդատը փոխանցվում է հաջորդ թեկնածուին, ու ավագանին շարունակում է աշխատել, համայնքային իշխանությունը ընդդիմությունը չի կորցնում։
Հիմա Սարիկ Մինասյանն ուզում է ապահովագրել իր առաջիկա հինգ տարին եւ դառնալ կոճակ սեղմող` առանց մեծ պատասխանատվության բարձր աշխատավարձ ստանալ, հետեւաբար՝ որոշել է հրաժարվել թե՛ ՀԷՑ-ի տնօրենի, թե՛ ավագանու խմբակցության ղեկավարի պաշտոններից: Նրա շրջապատից մեզ ասացին, որ Սարիկը կարծում է, որ ինքը վաստակել է դա, երբեմնի բարձր հեղինակությունն ի շահ ՔՊ-ի է օգտագործել ու վարկաբեկվել։
Վարչությունում հավանություն են տվել նրա ցանկությանը, սակայն, ըստ մեր աղբյուրների, եթե պետք լինի, եւ իշխանությունը կարողանա Գյումրիում արտահերթ զարգացումներ գեներացնել, ապա Սարիկը նորից վայր կդնի մանդատը, կվերադառնա Գյումրի։
Նշենք, որ մանդատը վայր է դնում նաեւ քաղաքն այս պահին փաստացի կառավարող Ավետիս Առաքելյանը՝ ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան, որն աներոջ կալանավորումից հետո ի պաշտոնե դարձել է քաղաքապետ, քանի որ քաղաքապետի առաջին տեղակալն է։ Ավետիս Առաքելյանն ընդգրկված է Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանի» ցուցակում։
Մեզ ասացին, որ մինչեւ վերջերս նա կամուկացի մեջ էր՝ գնա՞լ խորհրդարան, թե մնալ հայրենի Գյումրիում։ Թերեւս, այս անորոշ վիճակն էր պատճառը, որ հետաձգվեց հուլիսի 3-ին հրավիրված ավագանու արտահերթ նիստը․ այն նշանակվել է հուլիսի 15-ին։ Իհարկե, նիստը հետաձգելու պաշտոնական պատճառաբանությունը եղավ այն, որ Կոմունիստական կուսակցության ավագանու անդամ Լուսինե Անանյանը գրություն է ներկայացրել առողջական խնդիրների մասին եւ խնդրել է նիստը տեղափոխել, սակայն իրականում Ավետիս Առաքելյանին ժամանակ է պետք եղել՝ կողմնորոշվելու եւ դիրքորոշում հայտնելու։ Մանավանդ` ընդդիմությունն էլ սպասում էր ՍԴ որոշմանը:
Ըստ տեղեկությունների՝ հուլիսի 15-ին հրավիրված ավագանու արտահերթ նիստում նա կհայտարարի մանդատից հրաժարվելու մասին, նիստից հետո Գյումրիի ավագանին եռամսյա հանգստի կմեկնի, այլեւս նիստեր չեն գումարվի` մինչեւ սեպտեմբերի վերջը, իսկ դրանից հետո հնարավոր է առաջին տեղակալ ընտրվի Մարտուն Գրիգորյանի թիմակիցը, որը երեւի կին կլինի»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: