Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը հատուկ նշանակություն ունեն տարածաշրջանի համար. Վրաստանի ԱԳՆ ղեկավար
Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև Միջին միջանցքի զարգացման համար։
Այս մասին «Իմեդի Նեդելյա» հաղորդման ժամանակ հայտարարել է փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը հատուկ նշանակություն ունեն ինչպես տարածաշրջանի, այնպես էլ տրանսպորտային կապի զարգացման համար։
Բոչորիշվիլին ընդգծել է, որ ազգային շահերը և երկրի անվտանգության ապահովումը ընկած են Վրաստանի քաղաքականության բոլոր ոլորտների հիմքում։
«Իհարկե, Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են ոչ միայն մեր երկրների և ամբողջ տարածաշրջանի անվտանգության, այլև տրանսպորտային կապի և Միջին միջանցքի զարգացման համատեքստում։ Սակայն, առաջին հերթին, մենք ելնում ենք ազգային շահերից, և մեր երկրի անվտանգությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեկնարկային կետն է», - նշել է նախարարը։