CSI-ն ահազանգում է օկուպացված Արցախի քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման մասին
ՄԱԿ-ում Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI) կոչ է անում փաստահավաք առաքելություն իրականացնել՝ Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացումից հետո:
Այս մասին հայտարարություն է տարածել կազմակերպության ֆեյսբուքյան էջը, փոխանցում է 168.am-ը։
Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, «Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը» (CSI) հանդես է եկել բանավոր հայտարարությամբ՝ ուշադրություն հրավիրելով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամի վրա։
Բացի այդ, CSI-ը մեղադրել է Ադրբեջանին ԱՄԴ-ի ավելի վաղ՝ 2021 թվականի հրահանգը խախտելու մեջ՝ հայկական մշակութային և կրոնական ժառանգության կարևորագույն վայրերի համակարգված ոչնչացման, այդ թվում՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Մայր տաճարի՝ վերջերս տեղի ունեցած քանդման համար։
CSI-ի հանրային շահերի պաշտպանության գծով տնօրեն Ջոել Վելդկամպը կոչ է արել Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահին կազմակերպել պաշտոնական փաստահավաք առաքելություն՝ հետաքննելու միջազգային իրավունքի այս կոպիտ խախտումները և ներկայացնելու զեկույց, որը կփաստագրի Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները։