Մոսկվան և Բաքուն հայտարարել են 2024 թվականին AZAL-ի օդանավի կործանման վերաբերյալ հարցերի կարգավորման մասին
Ռուսաստանը և Ադրբեջանը կարգավորել են բոլոր հարցերը՝ կապված 2024 թվականի դեկտեմբերին Ակտաուի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանման հետ։ Դրա մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է ողբերգության հետևանքներին և առնչվում է կոնկրետ մարդկանց, ուստի համաձայնությունների մանրամասները չեն բացահայտվում։
Գալուզինը հայտնել է նաև, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի առաջիկա այցի ընթացքում Ռուսաստանը մտադիր է բարձրացնել 2024 թվականի հունիս-հուլիսին Բաքվում բերման ենթարկված ՌԴ 11 քաղաքացիների ազատ արձակման հարցը։
Նա հավելել է, որ կողմերը շարունակում են երկկողմ հարցերի լայն շրջանակի քննարկումը, ներառյալ՝ քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցությունը՝ 2022 թվականի դաշնակցային հռչակագրի շրջանակում։
Հիշեցնենք, որ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող AZAL-ի ինքնաթիռը կործանվել էր 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաուի շրջանում։ Աղետի հետևանքով զոհվել էր 38 մարդ։ Բաքուն ավելի վաղ հայտարարել էր ռուսական օդային տարածքում ինքնաթիռի վրա արտաքին ազդեցության մասին, Մոսկվան այդ մեղադրանքները չէր հաստատել։