Վարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է
Վարշավայի «Բեմովո» օդանավակայանում վայրէջքի ժամանակ կործանվել է թեթև շարժիչավոր ինքնաթիռ։ Աղետի հետևանքով օդանավում գտնվող երկու մարդ զոհվել է։ Օդանավակայանի տարածքում գտնվող ևս մեկ մարդ ստացել է վնասվածքներ, հաղորդում է RMF24-ը։
Պատահարի հանգամանքները պարզում են դատախազությունը և Ավիացիոն պատահարների քննության պետական հանձնաժողովը։
Ընկնելուց հետո ինքնաթիռը բռնկվել է, սակայն հրշեջներին հաջողվել է արագորեն մարել կրակը։ Փրկարար ծառայությունների տվյալներով՝ օդանավն ամբողջությամբ ոչնչացել է։
Աղետը տեղի է ունեցել վայրէջքի մոտեցման ժամանակ՝ Վարշավայի ճանապարհային երթևեկության կենտրոնի ուսումնական հրապարակի հարևանությամբ։ Ոստիկանությունը պատահարի մասին ահազանգը ստացել է տեղական ժամանակով 13:00-ից անմիջապես հետո։
Ականատեսները պատմել են, որ կործանումից առաջ լսել են սուլոց և ուժգին հարված։ Ըստ նրանց՝ ինքնաթիռը վայրէջքից առաջ իջնելիս կարող էր թևով դիպչել մետաղական կրպակին։
Ինչպես հայտնում են վկաները, հենց այդ տնակում է գտնվել մի տղամարդ, որը սպասելիս է եղել վարման դասընթացների սկսվելուն։ Նա հարվածի հետևանքով վնասվածքներ է ստացել։
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ կործանված ինքնաթիռը պատկանել է մասնավոր ընկերության և չվերթ էր իրականացնում Վրոցլավից Վարշավա։ Աղետի պատճառների հետաքննությունը շարունակվում է։