Լեհաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին ողջունել են երկկողմ հարաբերություններում դրական դինամիկան։
Կողմերն ընդգծել են կանոնավոր քաղաքական երկխոսության և բարձր մակարդակի շփումների կարևորությունը՝ երկկողմ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար։
«Ջեյհուն Բայրամովը իր լեհ գործընկերոջը ներկայացրել է հետհակամարտական շրջանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացը», - ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Բացի այդ, նախարարները մտքեր են փոխանակել Ուկրաինային աջակցելու հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել իրավիճակը Հարավային Կովկասում, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները: