Քաթարը և Պակիստանը համատեղ հայտարարություն են տարածել Իրան-ԱՄՆ բանակցություններից հետո
Երկուշաբթի վաղ առավոտյան Քաթարը և Պակիստանը հայտարարել են ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական ջանքերում զգալի առաջընթացի մասին՝ Շվեյցարիայում Լյուցեռն լճի գագաթնաժողովում բարձր մակարդակի բանակցությունների առաջին փուլի ավարտից հետո։
«Լյուցեռն լճի գագաթնաժողովի առաջին օրը տիրում էր դրական և կառուցողական մթնոլորտ, որտեղ ձեռք բերվեց խրախուսական առաջընթաց, այդ թվում՝ տեխնիկական քննարկումները շարունակելու մեխանիզմի ստեղծումը»,-«Մեհր» գործակալության փոխանցմամբ, ասված է համատեղ հայտարարության մեջ։
Առավել նշանակալի արդյունքների շարքում էին շարունակական տեխնիկական քննարկումների մեխանիզմի ստեղծումը և միջնորդական գործընթացի քաղաքական ասպեկտները վերահսկելու համար նախատեսված բարձր մակարդակի հանձնաժողովի ստեղծումը։
Հանձնաժողովը կանոնավոր զեկույցներ կստանա գլխավոր բանակցողներից և կհսկի Իրանի միջուկային ծրագրի, պատժամիջոցների հետ կապված հարցերի և անցյալ շաբաթ ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունավետ իրականացումն ապահովելու համար նախատեսված մասնագիտացված աշխատանքային խմբերը։
«Բարձր մակարդակի հանձնաժողովը համաձայնության է եկել 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելուն ուղղված ճանապարհային քարտեզի շուրջ, որը հիմք կհանդիսանա տեխնիկական բանակցությունների նոր փուլի անհապաղ մեկնարկի համար։ Բացի այդ, կողմերի միջև ստեղծվել է հաղորդակցության ուղի՝ փոխըմբռնման հուշագրի հինգերորդ կետում նշված ժամանակահատվածում՝ միջադեպերից և թյուրըմբռնումներից խուսափելու և Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։