Ոսկին թանկացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցությունների ֆոնին
Երկուշաբթի օրը ոսկու գներն աճել են. ներդրողները հետևել են Շվեյցարիայում ընթացող ամերիկա-իրանական բանակցություններին՝ միաժամանակ գնահատելով ԱՄՆ դրամավարկային քաղաքականության հեռանկարները ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ)՝ անցած շաբաթվա խստացնող ազդակներից հետո։ Այս մասին են վկայում բորսայական սակարկությունների տվյալները։
Ոսկու սպոթ գինն աճել է 0,8%-ով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 4 194,83 դոլարի, իսկ ԱՄՆ-ում ոսկու ֆյուչերսների գինը բարձրացել է 0,9%-ով՝ կազմելով 4 211,66 դոլար։ Անցյալ շաբաթ թանկարժեք մետաղը էժանացել է 1,4%-ով՝ երրորդ առևտրային նստաշրջաններն անընդմեջ ավարտելով անկմամբ։
Թանկարժեք մետաղի գինը բարձրացել է այն բանից հետո, երբ Իրանի պաշտոնյաները հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցություններում արձանագրված առաջընթացի մասին։ Դա օգնել է փարատել էներգակիրների համաշխարհային մատակարարումների տևական խափանումների վերաբերյալ մտահոգությունները և նվազեցնող ճնշում գործադրել նավթի գների վրա։
Նավթի էժանացումն իր հերթին թուլացրել է գնաճային մտավախությունները՝ նպաստելով ոսկու արժևորմանը, քանի որ դա թույլ է տվել զսպել այն սպասումները, թե էներգակիրների թանկացումը կարող է ԴՊՀ-ին դրդել անցնել դրամավարկային քաղաքականության ավելի ագրեսիվ խստացման։
Մյուս թանկարժեք մետաղներից արծաթը թանկացել է 1,6%-ով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 66,03 դոլարի, իսկ պլատինի գինն աճել է 0,3%-ով՝ կազմելով 1 671,60 դոլար։