Կիևյան կամրջի աշխատանքների տեմպը լավ է, կարևոր է ավարտել ժամանակին. Ավինյան
Քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ընթացքում ներկայացվեց, որ Կիևյան կամրջի հիմնանորոգման ծրագրով նախատեսված է ամբողջությամբ վերականգնել երթևեկելի հատվածն ու հետիոտնային գոտիները, նորացնել դեֆորմացիոն կարերն ու ջրահեռացման համակարգը, ինչպես նաև իրականացնել հենարանների վերականգնում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ներկայիս տեմպը բավարար է, սակայն կարևոր է պահպանել այն և աշխատանքներն ավարտել նախապես սահմանված ժամկետներում։
«Տեմպը բավականին լավն է։ Կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը, որովհետև այս աշխատանքները բազմաթիվ խնդիրներ են ստեղծում քաղաքում՝ հատկապես խցանումների հետ կապված»,- ասաց քաղաքապետը՝ ընդգծելով, որ որակի և ժամկետների վերահսկողությունը պետք է լինի առավել ինտենսիվ։
Ներկայացվեց նաև, որ արդեն կայացել է «Լամբադա» կամրջի հիմնանորոգման մրցույթը։