Արզնու խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Արզնու խճուղում բախվել են «Toyota Camry» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Nissan Tiida»-ն գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, իսկ «Toyota Camry»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ հայտնվելով բնակչին պատկանող դաշտամիջյան տարածքում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։