Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում
Նյու Յորքի Բրուքլին թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել պատմական հուշարձան համարվող173-ամյա եկեղեցում։ Արագ տարածվող հրդեհից հետո եկեղեցու զանգակատունը փլուզվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով Նյու Յորքի հրշեջ ծառայությանը։
Հրդեհը բռնկվել է ժամը 13։20-ի սահմաններում, Սաութ Բուշվիքի ռեֆորմացված եկեղեցում՝ Բուշվիք պողոտայի և Հիմրոդ փողոցի մոտակայքում։ Տեսանյութերում երևում է, որ կրակն ու թանձր ծուխը տարածվել են շինության զանգակատան հատվածից։
Դեպքի վայր է մեկնել հրշեջների և շտապօգնության՝ շուրջ 190 աշխատակից։ Նյու Յորքի հրշեջ ծառայության տվյալներով՝ կրակը հիմնականում մարվել է ժամը 15։35-ի սահմաններում։ Հրդեհի պատճառը դեռ պարզվում է։
Հաղորդվում է, որ հրդեհի մարման աշխատանքների ընթացքում մեկ հրշեջ թեթև վնասվածք է ստացել։ Նա բուժօգնություն է ստացել տեղում և հրաժարվել հետագա բժշկական օգնությունից։