Երևանի քաղաքապետարանը սեփական քմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը. Տոնոյան
«Քաղաքական կոմպոնենտ է իր մեջ պարունակում, իշխանությունները հերթական անգամ իրենց ձեռքի տակ եղած վարչական ռեսուրսները, լծակները փորձում են օգտագործել որպես մահակ։ Առաջիկայում իրավաբանները հստակ դիրքորոշում կներկայացնեն»,-ՍԴ ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմում ներկայացնելուց հետո լրագրողներին ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, որ Երևանի քաղաքապետարանի կողմից Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում է ուղարկվել՝ ընկերության հետ կնքված կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու մասին։
Ի.Տոնոյանն ասաց, որ «Մուլտի Ուելնեսը» հավատարմագրային կառավարման հանձնված բիզնես է, որտեղ Գագիկ Ծառուկյանը բաժնեմասեր ունի։
«Տեղյակ եմ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից պայմանագիրը միակողմանի լուծարելու վերաբերյալ ծանուցագիր են ստացել։ Այդ տարածքը վարձակալությամբ է տրված «Մուլտի գրուպ» կոնցեռնին մինչև 2065 թվականը։ Քաղաքապետարանը, առանց որևէ հիմնավորում ներկայացնելու, սեփական քմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը մեկ ամիս շուտ այդ մասին տեղեկացնելով։ Իրավաբաններն իրենց առարկություններն արդեն ներկայացրել են։ Բնականաբար, գնալու ենք իրավական ճանապարհով»,- նշեց նա։
Ըստ Ի.Տոնոյանի, ծանուցագիրը հիմնազուրկ է։ Միաժամանակ հայտնեց, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տասնյակ ընկերություններում այս օրերին տարատեսակ հարկային ստուգումներ են իրականացվում։