«Եթե կա հաջողության հասնելու թեկուզ փոքր շանս, 100 տոկոսով այդ շանսը օգտագործելու ենք». «Միասնության թևերը» չի կիսում տեսակետը, թե ՍԴ դիմելը անիմաստ էր
«Միասնության թևեր» կուսակցությունը դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները։
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը հիշեցրեց՝ հունիսի 8-ից սկսած հայտարարել են, որ չեն ընդունում ընտրության արդյունքները և հետամուտ են լինելու իրավական ճանապարհով ամբողջ գործիքակազմը օգտագործելուն։
«Քայլեր ձեռնարկել ենք, նախ դիմեցինք ամբողջ Երևանում վերահաշվարկի համար, նաև որոշ մարզային ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, այնուհետև դիմում ներկայացրինք ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու խնդրանքով»,-ասաց Դրմեյանը։
Հավելեց՝ ԿԸՀ նիստը, մեղմ ասած, խայտառակություն էր, իրավական ոչ մի կարգ չէր պահպանվում, միջնորդությունները նորմալ քննության առարկա չէին դառնում։
Դրմեյանը նշեց նաև, որ ՍԴ դիմելով խնդրել են անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունները։
«Միասնության թևերը» չի կիսում տեսակետը, թե ՍԴ դիմելը անիմաստ էր. «Եթե կա հաջողության հասնելու թեկուզ փոքր շանս, 100 տոկոսով այդ շանսը օգտագործելու ենք»։