Հաքան Ֆիդանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու մասին
Ռուսաստան կատարած այցի ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը աջակցություն է հայտնել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման ջանքերին։
Ֆիդանը այս մասին գրել է իր X սոցիալական ցանցի էջում՝ ամփոփելով Ռուսաստան կատարած այցը։
Նա նշել է, որ այս համատեքստում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակն ունի զգալի ներուժ։
Ֆիդանը նաև ընդգծել է, որ Ռուսաստանում իր հանդիպումների ժամանակ քննարկվել է Թուրքիայում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը։
Կազան կատարած այցի ընթացքում նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։