Կկրկնվի՞ Չելսիի սցենարը. Թրամփը կխախտի ՖԻՖԱ-ի արարողակարգն ԱԱ-2026-ի եզրափակիչում
ՖԻՖԱ-ն բացառություն կանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար՝ թույլատրելով նրան անձամբ հանձնել Աշխարհի 2026 թվականի առաջնության գավաթը հաղթող թիմին։ Այս մասին հայտնում է talkSPORT-ը։
Ըստ աղբյուրի՝ այս քայլով կխախտվի ՖԻՖԱ-ի պաշտոնական արարողակարգը: Ավանդույթի համաձայն՝ գավաթը դրվում է պատվանդանին, որից հետո չեմպիոնների ներկայացուցիչն այն տանում է հարթակ՝ թիմակիցների հետ հաղթանակը տոնելու համար։ Սակայն ՖԻՖԱ-ն ոչ միայն չի առարկում, որպեսզի Թրամփը գավաթն անձամբ հանձնի հաղթող թիմի ավագին, այլև ԱՄՆ նախագահին իրավունք կվերապահի ինքնուրույն որոշել՝ մնալ ֆուտբոլիստների հետ հարթակում ու միանալ տոնախմբությանը, թե՞ կանգնել մի կողմ՝ համակազմակերպիչ երկրների՝ Մեքսիկայի և Կանադայի, ինչպես նաև այլ պաշտոնական ներկայացուցիչների հետ միասին։
Նշվում է, որ նման նախադեպ արդեն գրանցվել է 2025 թվականին՝ ԱՄՆ-ում նոր ձևաչափով կայացած Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ։ Մրցաշարում հաղթած լոնդոնի «Չելսիի» պարգևատրման ժամանակ Թրամփն անձամբ էր հանձնել գավաթն ու մնացել բեմում՝ ֆուտբոլիստների հետ նշելով տիտղոսի նվաճումը։ Այն ժամանակ ԱՄՆ նախագահը չէր լքել հարթակը՝ անգամ անտեսելով ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի՝ նրան մի կողմ տանելու փորձերը։
Armsport