Քաղաքի տարեգրությունն ու պատմական փաստերը խաղալիք չեն. ի՞նչ պատմական հիմքերով նշվել Վանաձորի հենց 200-ամյակը, ո՞վ է պատասխանատվություն կրելու՝ ապատեղեկատվության համար. հարցեր՝ Վանաձորի համայնքապետարանին
Հունիսի 9-ին Վանաձորում տեղի ունեցած տոնակատարությունը, որը հանրությանը ներկայացվեց «Վանաձորի 200-ամյակ» խորագրի ներքո, բազմաթիվ հարցերի ու հիմնավոր տարակուսանքի տեղիք է տվել թե՛ մասնագիտական շրջանակներում, թե՛ քաղաքի պատմությամբ հետաքրքրվող բնակիչների մոտ։
Քաղաքի տարեգրությունն ու պատմական փաստերը խաղալիք չեն, և ցանկացած հոբելյանական հաշվարկ պետք է հիմնված լինի գիտական վավերագրերի, այլ ոչ թե պատահական որոշումների վրա: Երբ նման տեղեկատվությունը տարածվում է պաշտոնական՝ համայնքապետարանի մակարդակով, պատասխանատվությունն էլ ավելի է մեծանում:
Տեղեկատվության իսկությունը պարզելու և պատմական աղավաղումներ թույլ չտալու նպատակով՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում պաշտոնական հարցում (դիմում) եմ ուղարկել Վանաձորի համայնքապետարան։
Ակնկալում եմ հստակ պատասխաններ հետևյալ հարցերի շուրջ.
Ի՞նչ պատմական հիմքերով ու արխիվային փաստերով է հիմնավորվում քաղաքի հենց 200-ամյակը:
Ո՞ր մասնագիտական հանձնախումբն է տվել նման եզրակացություն:
Ո՞վ է կրում պատասխանատվություն քաղաքի մասին հանրային մակարդակով ապատեղեկատվություն տարածելու համար:
Համայնքապետարանի ներկայացրած հիմնավորումները ևս հրապարակային կլինեն։