Սին լավատեսությունը վատ հիվանդություն է. Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, մոդել Նազենի Հովհաննիսյանը գրում է.
«Սին լավատեսությունը վատ հիվանդություն է, ու ես արդեն երկար է՝ ինչ չեմ տառապում այդ հիվանդությամբ: Ինձ հիացնում է հավաքական հայ ժողովրդի պարզ սիրտը, հաճախ՝ կույր հավատն ու յուրօրինակ, մանկական պարզամտությունը: Ես տարօրինակ մարդ եմ. չեմ հիասթափվում, չեմ ատում, ու երբեք չեմ սպասում ավելիին՝ մարդկանցից կամ կյանքից:Ես անհատից եմ սպասում միայն առավելագույնն ու հավատում եմ անհատի՜ կամքին ու որոշմանը:
2018- ից հետո ես ավելի պինդ զգացի հողի ուժը, առավել ամուր կառչեցի իմ Երկրից, ավելի շատ գտա յուրահատուկ մարդկանց, առավել խորացա Հավատքիս մեջ, ավելի ծերացա) , ինչ-խոսք, ավելի մենակացա, որովհետև հասունությունը իր հետ բերում է անվերապահ միայնություն, ու դրա մեջ էլ կա մեծ ազատություն:
Ես սովորել եմ չատել, չբանսարկել երբեք ու չանջատել. նայել հայելուն ու տեսնել քո հավաքական պատկերը՝ որպես հայ, տարբեր դիմագծերով, սիրելի կամ ոչ, մարսելի կամ տհաճ: Էդ բոլոր դիմագծերով հանդերձ ես սովորել եմ ՍԹԱՓ նայել,ոչ թե անսթափ լավատեսությամբ խաբել ինձ կամ ուրիշներին՝ «լավ է լինելու- ով» :
«Լավ» - ի չափանիշները տարբեր են պարզվեց, ու հաճախ էդպես էլ չեն խաչվում զուգահեռները... ոչ կյանքի, ոչ գաղափարի, ոչ Հայրենիքի նկատմամբ վերաբերմունքի:Ես սովորել եմ ճշմարտության աչքերին նայել, ու էդ ամենաբարդն է իմ ապրած կյանքում: Ճշմարտությունը միշտ է դառնահամով, ու խոցող, ու երբեմն ողնաշար կոտրող:Ես սովորել եմ չկոտրվել), ճշմարտությունը բետոնային համառությամբ պատում եմ գոյությանս ու ավելի ամուր ապրում:
Չկոտրվելն էլ որոշում է, ինչպես չատելը, ներելը, ապրումակցելը,
Երկիրդ սիրելն ու
Հայ մնալը...
Ամեն բան որոշում է այսօր. անհատական ու հավաքական որոշում:
Ուղղակի անհատին դեմքով գիտես, նկարագիրը գիտես, հավաքականը միշտ անորոշ է, ոչ միշտ քո պատկերացրածի համախմբով, հաճախ՝ խաբուսիկ: Ինձ դուր է գալիս լինել սթափ, մնալ բաց ու ապրել առանց կույր հավատի կամ անսթափ լավատեսության: Ազատությունն էդտեղ է հենց: Չգիտեմ ինչու որոշեցի էսքանը ձեզ ասել... վաղուց չէի գրել, խոսքս «կապվել» էր մի տեսակ վերջերս, հա խմբագրում էի ինձ ու ասելիքս մեռնում էր դեռ չծնված:
Իսկ հիմա հոսում է, Կներեք երկար գրիս համար»։