Իրանը ցանկանում է Օմանի հետ համատեղ կառավարել Հորմուզի նեղուցը
Իրանը ցանկանում է բոլոր քաղաքացիական նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։
Այս մասին իր Telegram ալիքում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Որպես Հորմուզի նեղուցի ափամերձ պետություններ՝ Իրանը և Օմանը բնական իրավունք ունեն խորհրդակցել միմյանց հետ նեղուցի կառավարման և դրանով անցման վերահսկողության վերաբերյալ, և հենց դա էլ մենք անում ենք», - նշել է նա։ Նախարարը հավելել է, որ ներկայումս ջանքերն ուղղված են Հորմուզի նեղուցի կառավարման միջազգային իրավունքի լիակատար պահպանման ապահովմանը։
Նշենք, որ Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի կետերից մեկն է։ Եթե կողմերը կարողանան ընդհանուր համաձայնության գալ այս հարցի շուրջ, քննարկման հիմնական թեման կլինի հարստացված ուրանի դուրսբերումը Իսլամական Հանրապետությունից, Իրանի սառեցված ակտիվների ազատումը և երկրի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումը: