Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին
Իսրայելական զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից կնպաստի այս հակամարտության շուտափույթ կարգավորման համար պայմանների ստեղծմանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած ճեպազրույցում։
«Մենք համառորեն կոչ ենք անում շուտափույթ հրադադար հաստատել, իսրայելական զորքերը դուրս բերել Լիբանանի տարածքից։ Սա թույլ կտա պայմաններ ստեղծել հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման գործընթացի համար՝ հիմնված Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի դրույթների վրա, որում հստակ ամրագրված են կողմերի պարտավորությունները։ Եվ հաստատում ենք մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը», – ասել է նա։