Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ TRIPP նախագիծը զգալի հնարավորություններ է բացում Ադրբեջանի և Հայաստանի համար։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է։ Ավելին, այն ավարտվել է իմ ստորագրած հուշագրով, որը ստեղծում է բարգավաճման նոր ուղի՝ TRIPP-ը, որը զգալի հնարավորություններ կընձեռի երկու երկրների համար», - ասել է Ռուբիոն Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ։
Ռուբիոյի խոսքով՝ Պետդեպարտամենտի գործունեությունը վերջին մեկ տարվա ընթացքում նշանավորվել է ինչպես մեծ նվաճումներով, այնպես էլ լուրջ միջազգային մարտահրավերների շարունակականությամբ։
Ամերիկացի դիվանագետը նաև ընդգծել է ԱՄՆ ներգրավվածությունը մի շարք միջազգային ճգնաժամերի լուծման գործում։ Մասնավորապես, նա մատնանշել է Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության թուլացումը, որտեղ կանխվել է երկու միջուկային տերությունների միջև լայնածավալ հակամարտությունը։ Ռուբիոն նաև նշել է Վաշինգտոնի դերը Թայլանդի և Կամբոջայի միջև լարվածության կարգավորման, ինչպես նաև Գազայում պատերազմի ավարտի և մնացած բոլոր պատանդների ազատ արձակման գործում։