Google-ի աշխատակիցը մեղադրվում է ներքին տվյալներով շահույթ ստանալու մեջ
Google-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ընկերության ներքին տվյալներն օգտագործելով Polymarket հարթակում խաղադրույքներ կատարելու և դրանից շահույթ ստանալու համար։ Այս մասին հայտնել է Նյու Յորքի հարավային շրջանի դատախազությունը։
36-ամյա ծրագրավորող Միկելե Սպանյոլոյին մեղադրում են խարդախության և փողերի լվացման մեջ։ Նա հասանելիություն է ունեցել Google-ի ներքին տեղեկատվական համակարգերին և, ըստ մեղադրանքի, 2024 թվականի մայիսին Polymarket-ում ստեղծել է AlphaRaccoon անունով հաշիվ՝ օգտագործելով ինսայդերական տեղեկություններ խաղադրույքներ կատարելու համար։
Հիմնականում նա ընտրել է Google-ի որոնողական հարցումների հետ կապված կատեգորիաներ։ Սպանյոլոյի հաջող խաղադրույքներից մեկը վերաբերում էր նրան, որ երգիչ D4vd-ը 2025 թվականին կդառնա Google-ի որոնումներում ամենահայտնի անձը։
ԱՄՆ դատախազ Ջեյ Քլեյթոնը հայտարարել է, որ Սպանյոլոն խախտել է իր պարտավորությունները գործատուի նկատմամբ և Google-ի գաղտնի բիզնես տեղեկատվության միջոցով ավելի քան 1,2 միլիոն դոլարի շահույթ է ստացել Polymarket-ում առևտրից։
Չորեքշաբթի Սպանյոլոն ձերբակալվել և ներկայացվել է Նյու Յորքի դատարան։ Նա չի ընդունել մեղադրանքը։ Դատարանը նրան ազատ է արձակել 2,25 միլիոն դոլար գրավի դիմաց։ Այժմ նրան կարող է սպառնալ ազատազրկում։