Խոշոր վթար Արագածոտնի մարզում
Երեկ՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 55 կմ հատվածում բախվել են «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի 3-րդ խմբի փրկարարները՝ խմբի պետ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ, և «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Փրկարարները վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա, իսկ բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբ։ Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ըստ աղբյուրի, վիրավորներից 2-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլներով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։