Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները բնակարաններն ազատելու ծանուցում են ստացել
Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները, որոնք ժամանակին Հայաստանում անհատույց գույք են ստացել, բնակարաններն ազատելու ծանուցում են ստացել, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
Նրա խոսքով՝ ծանուցում ստացածներից 4-ն են իր վստահորդները, բայց խոսքը մի քանի տասնյակ զինվորականների մասին է։
Փաստաբանի խոսքով՝ ծանուցագրում որևէ հիմք չի նշվում, միայն ասվում է, թե բնակարանը ժամանակին խախտումներով է հատկացվել, սակայն որևէ խախտում չի մատնանշվում։
Ավելի վաղ Երիցյանը հայտնել էր, որ բնակարանն ազատելու գործընթաց էր նախաձեռնվել նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի նկատմամբ, սակայն վարչական դատարանի որոշմամբ բնակարանից ազատելուն ուղղված վարչարարությունը կասեցվել է, իսկ հայցը բավարարվել՝ բնակարանից վտարելու գործողությունը դիտարկելով ոչ իրավաչափ։
«Սրանից վառ ատելության դրսևորո՞ւմ․.. ատելություն են քարոզում, չեն ուզում, որ արցախցիները Հայաստանում որևէ բանով ապահովված լինեն։ Ոնց որ Ղարաբաղից դուրս բերել, հասցրել են այստեղ, անտուն թողել, հիմա էլ ով տնավորված է եղել, ուզում են անտուն թողնել»,- ասել է Երիցյանը՝ անդրադառնալով սկսված գործընթացին։